Հայտնի հոգեբանին դանակահարելու մեջ մեղադրվողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանում հուլիսի 17-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանին դանակահարելու մեջ կասկածվող Հրանտ Համբարձումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմանում, հենց իր աշխատասենյակում դանակահարել էին հոգեբան Ռուբեն Պողոսյանին: Նա վնասվածքներ էր ստացել դեմքի գլխի եւ վերին վերջույթների շրջանում:
Պարզվել է, որ նրան դանակահարել է 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով: Հոգեբանին ծանր վիճակում «շտապօգնության» մեքենայով անմիջապես տեղափոխել են են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ առկա է եղել առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ: Հուլիսի 20-ին հայտնի հոգեբանը հիվանդանոցում մահացել էր:
Նշենք, որ մեր տեղեկություններով դանակահարողն նրա հիվանդներից է եւ նախնական տեղեկություններով՝ ունի հոգեկան խնդիրներ: