Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 000 այցելու
ՄշակույթՅուրաքանչյուր քաղաքի պատմամշակութային կյանքի անբաժան մասն են կազմում թանգարանները՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու իհարկե՝ նշանավոր մարդկանց:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 թանգարաններն ունեցել են ավելի քան 31 000 այցելու, որից 8000-ը Երեւան այցելած զբոսաշրջիկներն են՝ հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից։
Համայնքային թանգարանների գրավչությունը բարձրացնելու եւ ավելի շատ այցելուներ ներգրավելու նպատակով թանգարանները պարբերաբար կազմակերպում են թեմատիկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաեւ ակտիվորեն ներգրավվում Թանգարանների միջազգային օրվա եւ «Թանգարանների գիշեր» միջոցառումներին:
Կարեւորելով սոցիալական նշանակության ծրագրերը՝ համայնքային թանգարանները նաեւ անվճար այցեր են կազմակերպում մարզերի երեխաների, ուսանողների, տարեցների, զինծառայողների եւ բարեգործական ծրագրերի մասնակիցների համար: