Իրանագետը տեսնում է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի շուկա մտնելու Իրանի շահագրգռվածությունը
ՏնտեսությունԻրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել Եվրասիական տնտեսական միության հետ:
Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Իրանագետի խոսքով` Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան այցելության ժամանակ քննարկել են Իրան-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հնարավորությունները, այնուհետև նա մեկնել է Ղրղըզստան և Ղազախստան, որտեղ կրկին քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարները:
«Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով, որպեսզի իր առջև կանգնած տնտեսական խնդիրները կարողանա լուծել: Ներկայումս Իրանի համար յուրաքանչյուր շուկա կարևոր է»,- ընդգծեց Իսրայելյանը:
Ինչ վերաբերվում է Թուրքիա-Իրան համագործակցությանը, իրանագետի կարծիքով` վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է, ինչը պայմանավորված է տարածաշրջանային որոշ տարաձայնություններով, ուստի այս տեսանկյունից ևս Իրանի համար նպատակահարմար է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը: