Գործադիրի քննարկմանն է ներկայացվել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը
ՏնտեսությունՀայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:
Այդ մասին հարցն ընդգկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:
Ծրագիրը ներդաշնակեցվել է էներգետիկայի բնագավառում միջպետական առևտրի հետ կապված միջազգային պարտավորությունների պահանջներին, որը չի հակասում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ոլորտում միջպետական առևտրի զարգացմանը և կխրախուսվի ավելի լայն մրցակցություն:
Ըստ հիմնավորման, Հայաստանում նոր, ժամանակակից էլեկտրաէներգետիկական շուկային անցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ներքին շուկայի կարիքներով, ինչպես նաև կարևորվում է միջսահմանային առևտրի հնարավորություններն օգտագործելու համար: Միջսահմանային առևտուրն կընձեռնի փոխշահավետ հնարավորություններ և կնպաստի Հայաստանի ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը: