Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Սիփան Շիրազի 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ
ՄշակույթՀովհաննես Շիրազի որդու՝ Սիփան Շիրազի 50 ամյակի կապակցությամբ հայ գրողները և արվեստագետները հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Հուլիսի 28-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Սիփան Շիրազի 50-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Սիփանը շատ տաղանդավոր մարդ էր նկարչության ասպարեզում: Նրա գեղանկարները, դիմաքանդակները իսկապես խոսում են նրա վարպետության մասին,- ասաց Միլիտոնյանը:
Նա իր խոսքում ընդգծեց, որ Սիփանը փոքր տարիքում շատ էր ցանկանում քանդակագործ դառնալ. «Նա խմորից արձանիկներ էր պատրաստում, և պատահական չէ, որ նրա որդիներն էլ նկարչության, քանդակագործության ասպարեզում են»:
Խոսելով նրա պոեզիայից՝ Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ ի տարբերության նրա քանդակների և նկարների, նրա պոեզիան ավելի մոտ էր դասականին:
Ցերեկույթին ներկա էին Շիրազի հարազատները, ընկերները, Հայաստանի գրողների միության անդամներ:
Սիփան Շիրազի ծննդյան օրը հունիսի 25-ն է, սակայն նրա արվեստը գնահատողները հիշատակի միջոցառումներ անցկացնում են 50-ամյակի ողջ տարվա ընթացքում: Նա մահացել է 1997թ. ապրիլի 15-ին: