ՈւԵՖԱ-ն Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխվելու հարցում ֆինանսական առումով խնդիրներ չի տեսնում
ՍպորտՄոտ երկու շաբաթ է, ինչ լրատվամիջոցներում պտտվում է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության մասին լուրերը:
Միաժամանակ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն կարող է պատժել փարիզյան ակումբին՝ ֆինանսական ֆեյր փլեյը խախտելու համար:
Նման տեղեկությունը մտահոգել էր Նեյմարին, ով ՊՍԺ-ից երաշխիք էր պահանջել, որ ակումբը չի պատժվի: Պատժվելու դեպքում ՊՍԺ-ն կարող էր զրկվել Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշրջանի խաղարկությունից, իսկ բրազիլացին չէր ցանկանում բաց թողնել եվրոպական կարևորագույն մրցաշարը:
«ՊՍԺ-ն հետևում է ՖՖՓ-ի կանոններին: Նրանք մեծ եկամուտ ունեն և կարող են տրանսֆերային շուկայում բարձրարժեք գործարք կատարել: Կանոնները խախտելու դեպքում նրանք կպատժվեն:
Եթե փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը, նշանակում է, որ ակումբը ոչ մի խնդիր չունի ՈւԵՖԱ-ի հետ»,- ՈւԵՖԱ-ում ֆինանսական հարցերով զբաղվող բաժնի տնօրեն Անդրեա Տրավերսոյի խոսքն է մեջբերում «101greatgoals.com»-ը՝ հղում անելով «La Gazzetta dello Sport»-ին:
Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացին «Բարսելոնա» է տեղափոխվել 2013 թվականին: