Վիտալի Բալասանյանը ստու՞մ է
ՎերլուծականLraber.info-ն գրում է.
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի ՝ Առավոտին տված հարցազրույցը բուռն քննարկումների տեղիք է տվել: Գեներալի հնչեցրած մի շարք մտքեր անհհամաձայնություն են հարուցել սոցիալական ցանցերի օգտատերերի մոտ: Իսկ հարցազրույցում հիշատակված լրատվականներից երկուսը ՝ 1in.am-ը և ԳԱԼԱ-ն հանդես են եկել հրապարակումներով, որում իրենց հասցեին Բալասանյանի հնչեցրած մտքերը որակում են որպես սուտ և փաստերի խեղաթյուրում:
ԳԱԼԱ-ն «Վիտալի Բալասանյանը ստում է» հոդվածում գրում է. «Վիտալի Բալասանյանից, նրա անունից, նրա գրասենյակից, նրա համախոհներից ու վստահված ներկայացուցիչներից ԳԱԼԱ-ն հեռախոսազանգ չի ստացել:» Իսկ 1in.am-ը ՝ «Ինչու է Վիտալի Բալասանյանը մոռացել մեկամյա վաղեմության կարևոր մանրամասները» հոդվածում նշում է, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին Բալասանյանից որևէ զանգ չի եղել և կայքը գործել է բացառապես սեփական հայեցողությամբ:
Բալասանյանն իր հարցազրույցում հիշատակել էր նաև Ազատություն ռադիոկայանը, բայց վերջիններս դեռևս չեն մեկնաբանել գեներալի ասածները: Ամեն դեպքում վերոնշյալ լրատվականների երկու հավաստիացումները բավարար են, որպեսզի փաստենք, որ առնվազն այդ մասով Բալասանյանի խոսքերը թերահավատոււթյուն են ներշնչում: Ինչը ստվերում է նաև նրա մյուս հայտարարությունները տեղի ունեցածի մասով:
Բալասանյանը հայաստանյան և ղարաբաղյան իշխանության այն ներկայացուցիչներից է, որի վարկանիշը բավական ժողովրդական է ու բարձր: Հիմա նրա խոսքերի ճշմարտացիությունը կասկածի տակ է և կարիք կա, որպեսզի Արցախի հերոսը հավելյալ մեկնաբանություններ տա: Եվ եթե ունի ձայնագրություններ, որոնք կարող են փարատել հանրության կասկածները, նպատակահարմար կլինի, որ դրանք հրապարակվեն: Այլապես, առանց այդ էլ մութ պատմությունն ավելի առեղծվածային կդառնա և իշխանության վերջին վստահելի խոսափողներից մեկը ևս չի կարողանա որևէ ալիբի ստեղծել վերջիններիս համար:
Արտակ Ասլանյան