ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիմային շախմատային մրցաշարին մասնակցեց 4 թիմ՝ 9 լրատվամիջոցից
ՍպորտԶանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև առաջին թիմային մրցաշարում հաղթեց «Կաիսսա» թիմը: Շախմատային մրցաշարին մասնակցեց 4 թիմ՝ ընդհանուր 9 լրատվամիջոցից: Մրցաշարի նախաձեռնությունը «Նարվա» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարդազարյանինն ու Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանինն էր: Արմենպրեսի հաղորդմամբ՝ մրցաշարը կայացավ հուլիսի 29-ին:
«Արդեն 3-րդ տարի է, ինչ անհատական շախմատային մրցաշար ենք անցկացնում լրագրողների միջև, և վերջին մրցաշարին բոլորը ցանկություն հայտնեցին՝ կազմակերպելու նաև թիմային մրցաշար: Այլ ոլորտներում կազմակերպվում են նման թիմային մրցաշարեր, մենք ևս որոշեցինք ունենալ մեր փոքրիկ մրցաշարը»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանն ու հավելեց, որ լրագրողները, ունենալով վերլուծական մտածողություն, գերադասում են շախմատ խաղալ:
Նարեկ Վարդազարյանի խոսքով՝ մրցաշարի գաղափարն իրենն էր, և Տիգրան Հովհաննիսյանի հետ քննարկելով կազմակերպման բոլոր հարցերը, եկել են համաձայնության: «Մասնակիցների հավաքագրման համար մամուլի հաղորդագրություն էինք տարածել, ինչպես նաև կապ հաստատել գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ՝ տեղեկացնելու առաջնության մասին»,-ասաց Նարեկ Վարդազարյանն ու հավելեց՝ կանեն ամեն ինչ, որ մրցաշարը շարունակական լինի, և ինչ-որ չափով նպաստեն շախմատի զարգացմանը:
Թիմերը ձևավորվել էին երկու կամ ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչների միասնությամբ՝ յուրաքանչյուրում 3 շախմատիստ: Մրցաշարին մասնակցեց 4 թիմ՝ «Արմենպրեսը»՝ «Արմենպրես» գործակալության և «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչներով, «Կաիսսան»՝«Գոլոս Արմենիի» և «Սպուտնիկ Արմենիա»-ի ներկայացուցիչներով, «Գամրիտը»՝ «02», «Ա1+» և «Իզվեստիա»-ի ներկայացուցիչներով, և «4-րդ իշխանությունը»՝ «Հայաստան 24» և «4-րդ իշխանություն» լրատվամիջոցների ներկայացուցիչներով:
Առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմը ստացավ գավաթ, պատվոգիր, իսկ թիմի բոլոր անդամները՝ մեդալներ շախմատի դպրոցի կողմից: