Պիկե. Նեյմարը պետք է ընտրություն կատարի փողի և տիտղոսների միջև
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները դեմ են Նեյմարի՝ այլ ակումբ տեղափոխվելուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն ձեռք կբերի բրազիլացու տրանսֆերը 222 մլն եվրոյի դիմաց: Բացի այդ, խոսք էր գնում նաև Նեյմարի հորը տրամադրվելիք հավելավճարների մասին:
Նեյմարի աշխատավարձը ՊՍԺ-ում կկազմի տարեկան 30 մլն եվրո:
«Ես և Նեյմարը շատ մոտ ենք և ես ցանկանում եմ, որ նա մնա «Բարսելոնայում», սակայն հասկանում եմ, թե նա ինչ իրավիճակի մեջ է գտնվում: Ներկա պահին նա պարզապես չգիտի, թե ինչ որոշում կայացնի: Այն ֆուտբոլիստները, որոնք նրա հետ շատ մոտ են, փորձում են օգնել նրան որոշում կայացնելու հարցում:
Նրա մակարդակի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել կցանկանային ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», սակայն Նեյմարը պետք է վերջնական որոշում կայացնի: Նա պետք է որոշի, թե ինչն է կարևոր. փո՞ղը, թե՞ տիտղոսները»,- Պիկեի խոսքն է մեջբերում «ESPN»-ը: