Վահան Բիչախչյան. Այս գոլը շատ կարեւոր էր ինձ համար
ՍպորտՀայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» երկրորդ թիմի կազմում առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով: Ֆուտբոլի Սլովակիայի երկրորդ լիգայի առաջնությունում «Ժիլինան» 4:2 հաշվով հաղթել էր Բրատիսլավայի «Ինտերին», իսկ 18-ամյա Բիչախչյանն իր նորամուտի խաղում փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին՝ 5 րոպե անց դառնալով գոլի հեղինակ:
«Շատ ուրախ եմ: Ինձ համար շատ կարեւոր էր այս գոլը, որը թիմին օգնեց մրցաշրջանի մեկնարկում: Պետք է շարունակեմ ջանասիրաբար աշխատել եւ օգտվել ավելի լավը դառնալու շանսից: Երկրպագուներն ու թիմակիցներս հիանալի էին այսօր»,- Բիչախչյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանն օրեր առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել Սլովակիայի չեմպիոն «Ժիլինա», որի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր: