Նոր մանրամասներ Դավիթաշենի պայթյունի մասին. մահացածն ու տուժածն ազգականներ են
ՀասարակությունԵրեւանի Դավիթաշեն համայնքում օգոստոսի 2–ին երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
NEWS.am-ի տեղեկություններով, պայթյունի հետեւանքով մահացած Ն.Եփրեմյանն ու հիվանդանոց տեղափոխված Ա. Եփրեմյանն ազգականներ են: Մահացած 32-ամյա Ն.-ն 20-ամյա Ա.-ի հորեղբայրն է: Թե ինչպես է տեղի ունեցել դեպքը դեռեւս հայտնի չէ:
Ըստ մեր տեղեկությունների, նախնական վարկած կա, որ այդ տանը փորձել են արկի գլխիկ սղոցել, ինչի հետեւանքով պայթյուն էր տեղի ունեցել։ Տեղեկություն կա նաեւ, որ Եփրեմյաններն այդ տան բնակիչները չեն եղել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Ռ. Մ.-ին պատկանող թիվ Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված: