Կարեն Կարապետյանը հանձնարարեց իրազեկել շահառուներին հակակարկտային ցանցերի նոր ծրագրի մասին
ՏնտեսությունՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգում է «ԱՆԴ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2017 թ. օգոստոսի 15-ից 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է վերազինել արդեն իսկ գործող այգիները՝ հակակարկտային ցանցերով, ինչպես նաև կազմակերպել մեղրի և խնձորի քացախի արտադրություն:
«Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 68,5 մլն դրամի ներդրում, որից ժամանակակից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 64,4 մլն դրամ։ Արդյունքում կստեղծվի 12 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2017 թ.՝ 77000 դրամ, 2018 թ.՝ 82000 և 2019 թ.՝ 85000 դրամ»,- ասաց Մելքոնյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց շահառուներին պարբերաբար իրազեկել հակակարկտային ցանցերի օգտագործման, ինչպես նաև նոր ծրագրի մասին, քանի որ հաջող փորձը պետք է անպայման տեսանելի լինի: