Նեյմար. Պիկեին խնդրել էի չգրել, թե ես մնում եմ Բարսելոնայում
ՍպորտՊՍԺ-ի նորեկ, հարձակվող Նեյմարը, որը երեկ է տեղափոխվել ֆրանսիական ակումբ «Բարսելոնայից», պատմել է կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեի` «Instagram»-ում հուլիսի վերջին կատարած գրառման մասին:
Իսպանացին այդ գրառման միջոցով հայտնել էր, թե Նեյմարը մնում է «Բարսելոնայում»: Ավելի ուշ, Պիկեն խոստովանել էր, որ դա իր նախաձեռնությունն էր եղել.
«Մենք միասին ճաշում էինք, մի փոքր թուլացել էինք: Ես Պիկեին խնդրեցի այդպիսի գրառում չկատարել, բայց նա այլ կերպ վարվեց»,-ասել է Նեյմարը Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Բրազիլացի հարձակվողը նաև մեկնաբանել է ֆրանսիական թիմի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի` իր 10 համարը Նեյմարին առաջարկելու որոշումը.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պաստորեին դրա համար: Ես նման բան չէի սպասում: Շնորհակալ եմ նրան»,-ասել է Նեյմարը:
Հիշեցնենք` «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ավելի վաղ Նեյմարի հետ լուսանկար էր հրապարակել և գրել. «Նա մնում է»։ Պիկեի այս քայլը դժգոհություն էր առաջացրել Նեյմարի մտերիմների շրջանում: