Դեւիդ Բեքհեմը՝ Ուսեյն Բոլթին. Տխուր է տեսնել, որ այս ամենն ավարտվում է
ՍպորտՖուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը հրաժեշտ է տվել ութակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհիի ռեկորդակիր Ուսեյն Բոլթին, որը Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում անցկացնում է կարիերայի վերջին մրցումը:
«Մենք ողջունում ենք քեզ, ընկերս: Երկար տարիներ հիացմունքով ենք հետեւել, թե ինչի է հասել այս մարդը, եւ այն երջանկությանը, որը նա բերել է ոչ միայն սպորում, այլեւ միլիոնավոր երեխաների ու մեծերի, որոնք հաճույքով հետեւում էին, թե ինչպես է նա տարեցտարի հասնում նոր բարձունքների: Տխուր է տեսնել, որ այդ ամենը մոտենում է ավարտին: Ցանկանում եմ ասել քեզ մեծ շնորհակալություն, Ուսեյն Բոլթ»,- «Ինստագրամում» գրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում ջամայկացի արագավազորդն արդեն հանդես է եկել 100 մետր վազքում եւ 9.95 վայրկյան արդյունքով գրավել երրորդ տեղը՝ զիջելով ամերիկացիներ Ջասթին Գեթլինին (9.92) եւ Քրիստիան Քոուլմանին (9.94): Աշխարհի առաջնությունում 30-ամյա Բոլթը հանդես կգա նաեւ 4х100 մետր փոխանցումավազքում եւ կավարտի կարիերան: