Քննարկվել են հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն օգոստոսի 11-ին ընդունել է Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և Եվրոպականմիության (ԵՄ) ՍԻԳՄԱ ծրագրի Հայաստանի համակարգող Մարիան Լեմկեին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը: Կողմերը կարևորել են գնումների մասին նոր օրենքի, քաղաքացիական ծառայության մասին և արտաքին աուդիտի մասին նոր օրենքների մշակման աշխատանքների առումով ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակում ՀՀ-ին ցուցաբերված աջակցությունը:
Քննարկվել են նաև ծրագրի շրջանակում հանրային կառավարման և պետական ֆինանսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի անունով պաշտոնական հրավեր է փոխանցվել` մասնակցելու ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Փարիզում կայանալիք «Լավ հանրային կառավարումը քաղաքացիների և բիզնեսի համար» նախարարական համաժողովին: