ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Մինչ նիստի մեկնարկը պատվիրակութունների ղեկավարներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի բանակցությունների ընթացքին, աշխատողների կենսաթոշակային ապահովմանը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում: