Նոյեմբերին կմեկնարկի ՀԱԷԿ-ի սարքավորումներ մատակարարումը
ՏնտեսությունՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումների առաջին փուլի մատակարարումները Հայաստան նախատեսվում է սկսել այս տարվա նոյեմբերին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սարքավորումների փոխարինման նպատակով այժմ իրականացվում են մրցույթների անցկացման և պայմանագրերի կնքման աշխատանքներ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ առաջին կիսամյակում էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում լիազորված կազմակերպությունների միջև սահմանված կարգով կնքվել է ծառայությունների մատուցման 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը:
«Ներկայումս մշակվում են «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանի հաստատման և դրանից բխող միջոցառումների իրականացման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը»,-ասել է Հայկ Բադալյանը։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։