«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 25- ին Կարապի լճի տարածքում
ՄշակույթՀաղարծնի վանքում օգոստոսի 11-ին և 12-ին «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն իրականացրել է ֆիլմի բացօթյա դիտումներ: Արդեն երկրորդ տարին է «Ֆրեսկոն» հյուրընկալվում է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի «Հաղարծնի շաբաթ» հոգևոր-մշակութային փառատոնի կողմից:
«Ֆրեսկո փառատոնին ընդառաջ» ծրագրի շրջանակներում ցուցադրվել են նախորդ տարիների մրցանակակիր ֆիլմերը: Այս միջազգային իրադարձության նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել սիրո, համերաշխության ու մարդասիրական բարձր արժեքների վերահաստատմանն ու ամրապնդմանը:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մաղթել է բարի ընթացք «Ֆրեսկո»-ին և նշել, որ հատկապես այսօր կարևոր է ժամանակակից արվեստի միջոցով հոգևոր և բարոյական արժեքների քարոզումը:
Փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել «Ֆրեսկոյի» հոգևոր պատասխանատու Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ ընձեռած հնարավորության և փառատոնին աջակցելու համար և նշել, որ համոզվում են՝ փառատոնը միանշանակ պետք է անցկացվի մեր երկրի բոլոր այն վայրերում, որտեղ կան եկեղեցիներ և վանքեր, հնագույն որմնանկարներ, խաչքարեր, հայի հզոր հավատքի վկայություններ:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնն այս տարի կմեկնարկի օգոստոսի 25- ին Կարապի լճի տարածքում և կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր, ֆոտոցուցահանդեսներ, վարպետության դասեր և վրանային ճամբար: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: