Ավարտվել է կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 23-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս ամուսնուն: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 16-ին ժամը 23:30-սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդն իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, դեմքին և մարմնի տարբեր շրջաններին՝պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայմամբ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: