Թեղուտի հանքը շահագործող ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը. բնապահպան
ՀասարակությունԱյսօր հրավիրված ասուլիսին «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նշեց, որ Թեղուտի հանքավայրի պոչամբարի հետեւանքով Շնող գյուղի բնակիչների համար առաջացել են լուրջ խնդիրներ, գետի ջուրը եւ օդը աղտոտված են, այգիներն՝ անպտուղ:
Նրա կարծիքով՝ եթե հանքի շահագործումը նման ձեւով շարունակվի, Թեղուտ եւ Շնող գյուղերը երկար կյանք չեն կարող ունենալ:
«Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի ներկայացման ժամանակ շահագործող ընկերությունը հայտարարում էր, որ լինելու է օրինակելի հանքավայր եւ շրջակա միջավայրին վնաս չի հասցնելու:
Նրանք ասում էին՝ պոչամբար ենք կառուցելու, որի ներքին նիշում կլինի պոչամբարի ծավալից ավելի շատ պոչանք տեղավորող մեկ այլ կառույց, եւ հատակը մեկուսացվելու է պոլիէթիլենային հաստ շերտով: Ես այսպիսի ստախոսություն չէի սպասում, պատկերը լրիվ հակառակն է: Ամբողջ տարածքում ծառերը հատել են, իսկ պոչանքը գալիս լցվում է կտրած անտառի եւ բուսականության վրա, զրո մեկուսացում է արված»,- հայտնեց նա:
«Հայաստանի կանաչների միության» նախագահը տեղեկացրեց նաեւ, որ Թեղուտի հանքը շահագործող ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, որին կտրականապես դեմ են գյուղացիները: Օգոստոսի 24-ին Շնող գյուղում հանքարդյունաբերող ընկերությունը հերթական հանրային լսումներն է անցկացնելու։