Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրենին
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության խորհրդի ղեկավար, գործադիր տնօրեն Մոհամմադ Օջատթանահին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իրանի Իսլամական Հանրապետության հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու գործում:
Մոհամմադ Օջատթանահը նշել է, որ իր երկրի նախագահը նույնպես Հայաստանը համարում է աշխարհի հետ հաղորդակցվելու մի դարպաս, և պատահական չէ, որ «Վարան Փարթո Դարման» ընկերությունը մշտապես ցանկացել է խորացնել համագործակցությունն առողջապահության ոլորտում։
Նա նախարարին հակիրճ ներկայացրել է Իրանի առողջապահական համակարգը` ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում դեղարտադրության ոլորտում։ Մոհամմադ Օջատթանահը նախանշել է գործընկերության այլ ուղղություններ ևս։
Իրանցի գործարարը նաև առաջարկել է համատեղ սկրինինգային ծրագրեր իրականացնել Հայաստանում առավել տարածված ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Մոհամմադ Օջատթանահին ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ 2017թ. ապրիլից պետությունը կապահովագրի երկրի անապահով բնակչության առողջությունը։ «Ծրագրի հաջող ընթացքը թույլ կտա 2019-ից սկսել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու գործընթացը։ Դա լիարժեք պայմաններ կապահովի երկրում պատշաճ բժշկական օգնություն կազմակերպելու համար»,-ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայմանն ու զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս։ Քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։