Օպտիմալացման գերխնդիրը ծախսերի արդյունավետ կառավարումն ու որակյալ կրթության ապահովումն է. վարչապետ
ՏնտեսությունԿառավարության նիստում ընդունվեցին մի քանի որոշումներ՝ մի շարք դպրոցներ վերակազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես, նախատեսվում է վերակազմակերպել Վ. Դավթյանի անվան N 149, Գ. Զոհրապի անվան N 43, Արթիկի N 7 ավագ դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը, Գյումրու «Բալատոն» ավագ, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցները և այլ հաստատություններ: Որոշումներն ընդունվել են դպրոցների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով:
Արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:
Անդրադառնալով դպրոցների օպտիմալացման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ունենք շատ մեծ տատանում մի աշակերտի ծախսի վերաբերյալ: Պարզվել է նաև, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը շատ խիստ տարբերվում են: Այդ պարագայում հաստատուն ծախսերը՝ տաքացման և այլն, կտրուկ աճում են, իսկ կրթության որակը դրանից չի շահում: Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլև որակյալ կրթության ապահովումը»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները հիմնականում օգտագործվելու են կրթագիտական նպատակների համար: