ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է փակել «Նաիրիտ»-ի հրդեհին մոտ գտնվող տարածքի բնակարանների դռները և պատուհանները
Հասարակություն«Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից և դրա հետևանքով բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջությանը վտանգ չի ներկայացնում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱՆ-ն հորդորում է բնակչությանը հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը՝ հատկապես երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին, խուսափել նույն տարածքներում երկար ժամանակ դրսում մնալուց։
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջներն այս պահին անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ ժամը 17:00-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք։