Աշխատանքներ են տարվում քննիչների կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ. 5 ծառայող ենթարկվել է պատասխանատվության
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար ՔԿ 5 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով 4 քննիչի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժը, և 1-ի նկատմամբ՝ «նկատողություն»:
ՀՀ ՔԿ ծառայողի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն: