Երեսունվեցամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել որդու ապրուստի միջոցները վճարելուց խուսափելու համար
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հոր կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդու:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հոր կողմից իր՝ 2004թ. ծնված որդու համար տևական ժամանակ ապրուստի միջոց վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչն ամուսնալուծությունից հետո, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, պարտավորվել է հօգուտ իր նախկին կնոջ խնամքին գտնվող անչափահաս որդու 2014թ. հունվարի մեկից մինչև վերջինիս չափահաս դառնալը, որպես ապրուստի միջոց, յուրաքանչյուր ամիս վճարել 25.000 ՀՀ դրամ: Դատարանի կողմից սահմանված գումարը վճարել է մինչև 2015 թվականի մայիս ամիսը, իսկ հունիսից՝ ոչ։ Քննությամբ պարզվել է, որ այդ ընթացքում տղամարդը մշտապես ունեցել է աշխատանք և ստացել կանոնավոր աշխատավարձ, ապառիկ կարգով գնել ավտոմեքենա։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Տղամարդն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախաքննության ընթացքում նա վճարել է որդու խնամքի համար որպես ապրուստի միջոց 675 հազար ՀՀ դրամ ալիմենտի գումարը և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել անդորրագրերը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: