Չելսին գնել է Դրինքոութերին. Լեսթերն իրականացրել է ակումբի համար ռեկորդային տրանսֆեր
ՍպորտԿիսապաշտպան Դանիել Դրինքոութերը «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Չելսի»: 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է 5 տարով:
«BBC»-ի տեղեկություններով, տրանսֆերի արժեքը կազմել է 35 մլն ֆունտ (38 մլն եվրո): Սա ռեկորդային վաճառք է «Լեսթերի» պատմության մեջ:
Ավելի վաղ ռեկորդային էր համարվում Ն'Գոլո Կանտեի գործարքը, որի համար ակումբը «Չելսիից» 32 մլն ֆունտ ստացավ 2016 թվականին:
Հիշեցնենք` Դրինքոութերը 2012 թվականին է տեղափոխվել «Լեսթեր» «Մանչեսթեր Յունայթեդից»: Այդ ժամանակից ի վեր նա «Լեսթերի» կազմում 218 հանդիպման է մասնակցել, դարձել է 15 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ:
Դրինքոութերը դարձել է «Չելսիի» 6-րդ նորեկն ընթացիկ մրցաշրջանում: Ավելի վաղ, թիմի կազմը համալրել էին Վիլի Կաբալյերոն, Անտոնիո Ռյուդիգերը, Տյեմուե Բակայոկոն, Ալվարո Մորատան և Դավիդե Ձապակոստան: