Չինաստանում կարգելեն ազգային օրհներգի անտեղի օգտագործումը
ՀասարակությունԺողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (Չինաստանի օրենսդիր մարմինը) հավանության է արժանացրել օրինագիծը, որն արգելում է ազգային օրհներգի անտեղի օգտագործումը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Այն նախաձեռնել են «ազգային օրհներգի արժանապատվությունը պահպանելու, դրա օգտագործումը ստանդարտավորելու, քաղաքացիների շրջանում ազգային ինքնագիտակցության եւ հայրենասիրության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ սոցիալիստական հիմնարար արժեքները զարգացնելու ու կյանքի կոչելու նպատակով»։
Ըստ օրենքի՝ «Կամավորների քայլերթ»-ը կարգելեն հնչեցնել հուղարկավորությունների ժամանակ, հասարակական վայրերում եւ գովազդային տեսահոլովակներում՝ որպես ֆոնային երաժշտություն, կոմերցիոն նպատակներով, բիզնես-միջոցառումների ժամանակ։ Անձինք, որոնք այն հնչեցնելիս անպատշաճ կերպով կփոխեն օրհներգի տեսքտը, կպատժվեն։
Օրենքով նախատեսվում է նաեւ, որ օրհներգը պետք է ունենա մեկ պաշտոնական տարբերակ, որի ձայնագրման իրավունքը կունենան միայն իշխանությունների կողմից հավանության արժանացած կազմակերպությունները։