Դաժան ծեծ. Սոլակ գյուղում հայտնաբերված տղամարդը ստացած վնասվածքներից 3 օր անց մահացել է
ՀասարակությունՍոլակ գյուղում հայտնաբերված տղամարդը ստացած վնասվածքներից 3 օր անց հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մոտ 35-40 տարեկան անձը չպարզված տղամարդ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով սեպտեմբերի 1-ին պարզվել էր տղամարդու ինքնությունը՝ Երեւանի բնակիչ, նախկինում դատապարտված, 1991 թ. ծնված Արմեն Սարգսյան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ օգոսոտոսի 31-ին Երեւան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի թաղապետարանի եւ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայում Արմեն Սարգսյանի գլխին բռունցքներով հարվածել եւ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ էին պատճառել 1992 թ. ծնված Տիգրան Գ.-ն, 1972 թ. ծնված Մանվել Հ.-ն եւ 1999 թ. ծնված Արման Ս.-ն, այնուհետեւ նշված անձինք նույն ավտոմեքենայով Արմեն Սարգսյանին տեղափոխել էին Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամաս եւ թողել ճամփեզրին:
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13.00-ին, Ա.Սարգսյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: