Վահան Մարտիրոսյանը հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ծրագրեր
ՏնտեսությունՀարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Քիմ Հյուն-Միին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով հարավկորեական փորձի, տեխնիկական ներուժի և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում հարավկորեական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը Քիմ Հյուն-Միին հրավիրել է Հայաստան: Վերջինս իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը: