Ռեալի նախագահ. Մենք ֆուտբոլիստի համար 222 մլն եվրո չենք վճարի, ինչպես ՊՍԺ-ն` Նեյմարի համար
Սպորտ«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի` 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին:
Պերեսը հայտնել է, որ մադրիդյան ակումբն ապագայում մտադիր չէ այդպիսի գումարներ ծախսել մեկ ֆուտբոլիստի տրանսֆերի համար.
«Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ՞. «Ռեալը» 222 մլն եվրո չի վճարի ֆուտբոլիստի համար: Սակայն, կան ակումբներ, որոնք կարող են վճարել այդպիսի գումարներ:
ՊՍԺ-ն վճարեց և Նեյմարը հիմա խաղում է Փարիզում: Եթե նրանք նման բան են որոշել, ուրեմն` արժեր: Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, դրանում կասկած չկա»,- Պերեսի խոսքերն է փոխանցում «Le Figaro»-ն:
Մադրիդյան ակումբի նախագահը խոսել է նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, որի ծառայություններով հետաքրքրված էր «Ռեալը», բայց որն, ի վերջո, համալրեց ՊՍԺ-ի շարքերը.
«Կիլիանն ընտրեց ՊՍԺ-ն, քանի որ ծնվել է Փարիզում: Չգիտեմ` արդյոք հարմա՞ր ժամանակ էր նրան գնելու և այդ կերպ ոչնչացնելով այն ամենն, ինչ մենք արդեն ունենք: Առավել ևս, որ Մբապեն արդեն ՊՍԺ-ում է, որտեղ ցանկանում էր հանդես գալ»,- նշել է Պերեսը:
Պերեսը նաև խոսել է տրանսֆերային շուկայում տիրող աստղաբաշխական ֆինանսների մասին.
«Տրանսֆերային շուկայում տիրող խելագարությու՞նը. Ֆուտբոլը փոխվում է: Մարդիկ այնտեղ են գալիս հսկայական գումարներով և կատարում են մեծ տրանսֆերներ: «Ռեալն» ի վիճակի է տրանսֆերների համար 180-200 մլն եվրո ծախսել, սակայն ներկայիս իրավիճակում այդպիսի ծախսերը, ավելի շուտ, կանհանգստացնեն մեզ, քան` օգտակար կլինեն: Ոչ մի լավ բան չկա այնպիսի ֆուտբոլիստի ձեռք բերելու մեջ, որը կարող է փչացնել հանդերձարանի մթնոլորտը»,- եզրափակել է իր խոսքը Պերեսը: