Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժել է ավտոմեքենայի վարորդը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 10-ին, ժամը 04:25-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 12-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի 34 LA 684 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ժ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ժ. Խ.-ը հոսպիտալացվել է Տավուշի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: