Ծեծկռտուք Գյումրիում, ռուսական ռազմաբազայի ջոկի հրամանատարների միջեւ. կան բերման ենթարկվածներ
ՀասարակությունՇիրակի մարզում, սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Մուշի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ծառայողները նկատել են ծեծկռտուքը եւ մոտենալով դեպքի վայրին՝ այնտեղ, գետնի վրա ընկած հայտնաբերել են մի քաղաքացու, իսկ 3-ը դիմել են փախուստի։
Ոստիկանները վիրավոր քաղաքացուն, ով ազգությամբ ռուս, 26-ամյա Յուրի Նիկոլաեւն է, մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նա ստացել է «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներ» վիրավորում։
Ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ՌԴ քաղաքացիներ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաեւի եւ 26-ամյա Յուրի Նիկոլաեւի միջեւ։ Վերջինս էլ ստացել է մարմնական վնասվածքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գիզատուլաեւը արդեն Ոստիկանությունում հայտնել է, որ ինքն է ծեծի ենթարկել Նիկոլաեւին։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատարներ։