«Բանանց»-ը պայմանագիր է կնքել գանացի երիտասարդ կիսապաշտպանի հետ
ՍպորտԵրևանի «Բանանց»-ը տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 18-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանց»-ին միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում:
«Կվասի Սիբոն լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այն, որ լավ է գործում պաշտպանվելիս, նաև լավ գրոհ է սկսում:
Ավելի շատ ապագայի համար է երիտասարդ, բարձր որակներ ունեցող այս ֆուտբոլիստը»,- նշել է «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ:
Այսպիսով, «Բանանց»-ն ավարտում է համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: