Պայծառ գունապնակով գեղանկարչական աշխատանքները հանձնվեցին արվեստասերների դատին
ՄշակույթԱրաբկիրի Հայորդյաց տան սաները իրենց տաք, լուսավոր ու վառ գույներով գեղանկարչական աշխատանքները ներկայացրեցին «Աշխարհը մեր գույներով» խորագիրը կրող ցուցահանդեսին: Այն բացվեց սեպտեմբերի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում:
«Երեխաների աշխարհն իրականում վառ է, բարի ու չափազանց գեղեցիկ: Այս ցուցահանդեսով նրանք ասես կոչ են անում հանրությանը դրական ու գունավոր տեսնել շրջապատող աշխարհը»,- նշեց Արաբկիրի Հայորդյաց տան գեղանկարչության դասարանի
մանկավարժ Աննա Կարապետյանը:
Կարապետյանն ընդգծեց, որ իր սաների մեջ կան երեխաներ, որոնք հետագայում կարող են լավ նկարիչներ դառնալ, իսկ նրանց մոտիվացնելու համար մանկավարժը տաղանդաշատ երեխաներին պարբերաբար տանում է ցուցահանդեսների, ծանոթացնում ականավոր նկարիչների գործերին:
«Մենք աշխատում ենք ամեն տարի ցուցահանդեսներ կազմակերպել, քանի որ դա խթան է հանդիսանում, որ նրանք ավելի լավ աշխատեն ու կատարելագործեն իրենց հմտությունները»,-շեշտեց Աննա Կարապետյանը:
Ցուցահանդեսին ներկայացված էին 5-ից 15 տարեկան երեխաների 50 աշխատանքներ: Գերակշռում էին կարմիրը, դեղինը և այլ պայծառ գույները: