«Գրքաբաց» ծրագրի շրջանակում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցները նոր ընթերցասրահներ կունենան
ՀասարակությունՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների նախաձեռնած առաջին «Գրքաբաց» ծրագրի շրջանակում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախի դպրոցներում նոր, լուսավոր ու գեղեցիկ ընթերցասրահներ կբացվեն: Առաջինը Աշոտ Նավասարդյանի անվ 196 միջ. դպրոցն է, որտեղ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Գրքաբաց» ծրագրի բացման հանդիսավոր միջոցառումը:
««Գրքաբաց»-ը ոչ միայն ընթերցանության նոր մշակույթ է երեխաների համար, այլև կարծիքների, մտքերի փոխանակման նոր ու ժամանակակից հարթակ: Նախապես հայտարարվեց մրցույթ, որին մասնակցելու հայտ ներկայացրեցին Երևանի ավելի քան տասը դպրոցներ: Ընտրվեց Աշոտ Նավասարդյանի անվ 196 միջ. դպրոցը, քանի որ այն բավականին ակտիվ մասնակցում է տարբեր միջոցառումների և ունի ավելի քան 400 աշակերտ»,- նշեց ծրագրի կամավոր Ինգա Վարդանյանը:
Երևանի՝ Ա. Նավասարդյանի անվան N 196 դպրոցի դասասենյակներից մեկի պատերն այսուհետև կզարդարեն հայտնի գրքերի սիրելի հերոսների կերպարները: Դասասենյակի վերանորոգման և նկարչական աշխատանքները կատարվել են բացառապես կամավորական հիմունքներով:
Նա շեշտեց, որ ծրագրի շրջանակում ամեն ամիս մշակույթի տարբեր գործիչներ կհյուրընկալվեն դպրոցում և տարրական դասարանների երեխաների համար կկազմակերպեն հեքիաթների ընթերցանություն, քննարկումներ: Նրանք կստորագրեն տվյալ գիրքն ու այն կնվիրեն տվյալ դպրոցին:
Ինգա Վարդանյանի խոսքով` սա առաջին ծրագիրն է, այդ իսկ պատճառով այն իրականացվում է Երևանում:
«Մենք ցանկացանք տեսնել, թե որքանով է այն արդյունավետ: Ընդգծեմ, որ անգամ հայտնի մարզիկներն են մեզ դիմել` նշելով, որ ցանկանում են մասնակցել այս նախաձեռնությանը, որը շարունակական բնույթ կունենա»,-ասաց նա: