Վարդան Արամյանը դրական է գնահատում պետական գնումների ոլորտի բարեփոխումները
ՏնտեսությունՀայաստանի կառավարությունը 2017թ. պետական գնումների ոլորտում իրականացրել է լուրջ բարեփոխումներ, որոնց արդյունքում պարզեցվել է գնումների գործընթացը, ապահովվել թափանցիկություն և մրցակցություն: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Ազգային ժողովը 2016թ. դեկտեմբերին ընդունել է «Գնումների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2017թ.: Արդյունքում նվազեցվել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգային կազմակերպման ու դրանց մասնակցության հետ կապված պայմանները, բացառվել է մասնակիցներին ձևական պահանջներով ծանրաբեռնելու հնարավորությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամյանը:
Նա հավելեց, որ ձևավորվել է գնումների արտադրական բողոքարկման գործուն և անկախ համակարգ՝ հաշվի առնելով միջազգային փորձը: «Գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանի բարձրացման, հնարավոր կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, ինչպես նաև այլ գործընթացների նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել է գնման գործընթացներին փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառող համակարգ: Ներդրել ենք նաև գնման գործընթացներում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց գնումներին մասնակցելու դեպքերը հնարավորինս բացառող համակարգ՝ նախատեսելով, որ մասնակիցը հայտով կներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները, և, եթե մասնակիցը ճանաչվի հաղթող, ապա տեղեկատվությունը կհրապարակվի ինտերնետ միջավայրում գործող գնումների պաշտոնական կայքում»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:
Ներդրվել է նաև ինտերնետ միջավայրում գործող գնումների հաշվետվողականության ծրագիրը, որը շահագրգիռ անձանց որոնման ճկուն համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռում ստանալ ամբողջական տեղեկատվություն գնման ընթացակարգերի մասին, այդ թվում՝ իրականացնել վերլուծություններ: