Հայաստանն ու Իրանը կինոհամագործակցության համաձայնագիր են ստորագրել
ՄշակույթՀայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:
Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից ՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարևոր խթան կհանդիսանա նոր կինոգրծընթացների զարգացման համար։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։
Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում կինոյի օրերի անցկացում և այլն։