Ճապոնական խորհրդատվական ընկերությունը կօգնի ՀՀ մարզերը վերազինել միջազգային չափորոշիչներին համապատասխան հրշեջ գույքով
ՏնտեսությունՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 25-ին ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի միջև արդեն ստորագրված և իրականացման փուլ մտած «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները:
Բարձր գնահատելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում՝ ԱԻ նախարարն ընդգծեց հայ-ճապոնական համագործակցության խորացման և շարունակականության ապահովման կարևորությունը՝ աղետների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման, աղետների ռիսկի և կարևորագույն ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման նպատակով:
«Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները:
Ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվելու է խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր: Կազմակերպությունը պարտավորվում է ՀՀ ԱԻ նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման և մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգեկու հարցում, ինչպես նաև՝ կազմակերպել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը: