Շառլ Ազնավուրը Միլանում համերգով կտոնի բեմական գործունեության 70-ամյակը
ՄշակույթՖրանսահայ երգահան, շանսոնյե Շառլ Ազնավուրը նոյեմբերի 13-ին համերգ կունենա Իտալիայի Միլան քաղաքում՝ տոնելու իր բեմական գործունեության 70-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Spettacolo Musica Sport-ը:
«Երգիչ, դերասան, զբաղված դիվանագետ (Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան-խմբ.) 93-ամյա երգիչը չի դադարում զարմացնել: Իր անսխալական ձայնով, որի շնորհիվ ստացել է «Շառլ Ազնավոյս (թարգմ.՝ Ազնաձայն)» մականունը, Ազնավուրը ձայնագրել է ռեկորդային քանակությամբ երգեր ու խաղացել ինը տասնյակի հասնող ֆիլմերում»,- բառախաղով ներկայացնելով գրում է լրատվամիջոցը:
2016 թվականին Ազնավուրը համերգային միջազգային շրջագայություն էր իրականացրել՝ լինելով Ամստերդամում, Դուբայում, Պրահայում, Անտվերպենում, Օսակայում, Տոկիոյում, Բարսելոնայում, Մարբելյայում, Տրելազեում, Մոնակոյում և Վերոնայում:
Հոլիվուդի Փառքի ծառուղում 2017 թվականի օգոստոսի 24-ին լեգենդար երգահան Շառլ Ազնավուրին շնորհվել է 2618-րդ պատվո աստղը։ Մեծանուն արտիստի պարգևը «Կենդանի կատարում» անվանակարգում է։