Շարմազանովն այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի
ՄշակույթՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել եկեղեցական թեմի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Սանկտ Պետերբուրգի հայությանը Ռուսաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ եւ նշել. «Դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում մեր եկեղեցին հանդիսացել է ոչ միայն աղոթքի, այլ նաեւ հայապահպանության, հայրենասիրության եւ կրթության տաճար: Անգնահատելի է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայապահպան գործունեությունը նաեւ այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում»:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը հայապահպանության գործում ներդրած մեծ ավանդի համար Տեր Պողոս աբեղա Վարդանյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ, իսկ Աստղիկ Քոչարյանին, Ռուզաննա Կուրղինյանին, Ֆիլիպ Դավիդովին, Տեր Արշակ Նազարյանին, Գարեգին Բակլաչյանին եւ Արտակ Ոսկանյանին` ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրեր:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: