Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրելու են ներդրումների խրախուսման համաձայնագիր
ՏնտեսությունՀայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև նախատեսվում է կնքել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Համաձայնագրի կնքմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությանը համաձայն:
Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, սեփականազրկման կամ օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցումների, պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:
Նախագծի առանձին հոդվածներով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև գործողության շրջանակները:
Ելնելով վերոհիշյալից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից: