Հաղթանակը դրական ազդեցություն կունենա ամբողջ թիմի վրա. Մոուրինյո
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղի մասին:
«Խաղի նման մեկնարկի չէինք ակնկալում, առաջին 4 հարվածները վերածվեցին 3 գոլի: Ուժեղ խաղի մեկնարկ ունեցանք և կարողացանք գնդակը պահել մեզ մոտ: Գոլերից հետո մեզ մնում էր միայն հանգստություն պահպանել: Նման հաղթանակը դրական ազդեցություն կունենա ամբողջ թիմի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (1:4): Մեկնարկային րոպեներից «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առավելությունն ակնհայտ էր. ընդամենը խաղի 3-րդ րոպեին նրանք առաջ անցան հաշվի մեջ: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Լուկակուն: Խաղի 17-րդ րոպեին ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Մարսիալը: Խաղի 26-րդ րոպեին ԲԿՄԱ-ի պաշտպանների սխալից օգտվելով՝ դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն: Երկրորդ կեսում Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խփեց իր գոլը: Խաղի 57-րդ րոպեին հայ կիսապաշտպանը դարձավ «կարմիր սատանաների» հերթական գոլի հեղինակ և ընդամենը 2 րոպե անց փոխարինվեց: Այս հանդիպումը Մխիթարյանի համար հոբելյանական էր, նա իր 50-րդ խաղն էր անցկացնում «կարմիր սատանաների» կազմում: Հանդիպման վերջնամասում ԲԿՄԱ-ին հաջողվեց հեղինակության գնդակ խփել, աչքի ընկավ Կուչաևը: