Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից օգտվողների քանակը զգալիորեն աճել է
ՀասարակությունԱրդարադատության նախարարությունն իր առջև խնդիր է դրել ներգրավել պետական ծառայության մատուցման նոր օպերատորների, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքներում ունենալ այդ ծառայությունների մատուցման գրասենյակներ:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփման ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նախարար Դավիթ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի ծառայություններից օգտվողների քանակը զգալիորեն աճել է:
«Պետական մարմինների գործառույթներ իրականացնող օպերատորների կողմից մատուցված ծառայությունների ընդհանուր թիվը 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 1250: Վիճակագրությունը վկայում է, որ 2017 առաջին և երկրորդ եռամսյակում այդ գրասենյակների կողմից կադաստրի տեղեկանք է տրամադրվել 4 անգամ, իսկ արդեն երրորդ եռամսյակի հետ միասին՝ 405 անգամ»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ այն ունի աճման միտում:
Նրա խոսքով` պետական ծառայությունների մատուցման ¼ աշխատանքը կատարում է միասնական գրասենյակը:
«Այսօր սպասարկման գրասենյակների թիվը կազմում է 89: Նախարարությունը խնդիր է դրել իր առջև բոլոր քաղաքներում ունենալ օպերատորներ, որոնք այդ ծառայությունները մատուցում են: Մյուս խնդիրն է` ավելացնել ծառայությունների քանակը: Ներկայումս այդ գրասենյակներում կարելի է ստանալ 67 ծառայություններ, սակայն այդ թիվը պետք է ավելացվի»,- ասաց Հարությունյանը: