Կառավարությունը կանգնելու է ՏՏ ոլորտի բիզնեսի կողքին. Կարեն Կարապետյան
ՀասարակությունՎերջերս կայացած «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահանման ներուժը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն, մասնավորապես առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականցման անհրաժեշտությունը:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին՝ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր` համապատասխան գործիքների նախատեսմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ ՏՏ ոլորտում ունենք մեծ ներուժ, կան լավ գաղափարներ, որոնք կարելի է դարձնել կիրառական արդյունք, սակայն առկա է դրանք վաճառելու խնդիր և այստեղ կառավարությունը պետք է հստակ կանգնի բիզնեսի կողքին: