«Ադրբեջանական մեղադրանքները դատարկախոսություն են». Էդվարդ Նալբանդյան
Հայաստանին ուղղված Ադրբեջանի ղեկավարության մեղադրանքները չեն կարող տպավորել ոչ Ադրբեջանից ներս, ոչ էլ, առավել ևս, այդ երկրի տարածքից դուրս: Նոյեմբերի 3-ին ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին օրերին Բաքվի ղեկավարության կողմից տարբեր մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ փորձելով այդ մեղադրանքների միջոցով Ադրբեջանում տիրող բռնատիրական բարքերը վերագրել Հայաստանին:
«Անկախ նրանից, թե ինչ նպատակով է դա արվում, չեմ կարծում, որ դա կարող է տպավորել ինչ-որ մեկին Ադրբեջանից դուրս և անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին կարող է դա տպավորել: Քննադատությունը մի երկրի կողմից, որը մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կառույցներն անվանում են մարդու իրավունքները զարհուրելի ձևով խախտող բռնատիրություն, իրականության մեջ դատարկախոսություն է»-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ որքանով չէին կարող տպավորել քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնյան Իրաքի կողմից այդպիսի մեղադրանքները, եթե դրանք հնչեին, նույնքան էլ այս դեպքում տպավորիչ չեն դրանք: