Լիճքում պետական աջակցության շնորհիվ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 100 հեկտարով
ՏնտեսությունԳեղարքունիքի մարզի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում հատկացված 60 միլիոն դրամի հաշվին կառուցվել է ոռոգման համակարգ, ինչի շնորհիվ համայնքում ոռոգելի հողերն ավելացել են մոտ 100 հեկտարով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, ոռոգման համակարգը կառուցվել է «Քարկիտ» կոչվող թաղամասում: Այն ունի 4 կիլոմետր երկարություն: Երկաթյա խողովակաշարը սնվում է Լիճքի պոմպակայանից:
«Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը եւ մոտենում են ավարտին: Եկող տարվանից համակարգը ոռոգման ջուր կմատակարարի նորաստեղծ թաղամասի տնամերձ հողամասերին, որոնք կազմում են մոտ 100 հեկտար: Մոտ 200 ընտանիքի համար ոռոգման ջրի հարց է լուծվել, ինչը կնպաստի հողերի մշակմանը եւ գյուղմթերքների արտադրության ավելացմանը: Համոզված կարելի է ասել, որ մեր համայնքում կառավարության միջոցներով կենսական կարեւորության հերթական խնդիրն է լուծվել»,-պատմեց Գնել Գրիգորյանը: