Հայաստանում Կովկասյան ազնվացեղ 15 եղջերու է վերաբնակեցվելու
ՀասարակությունԿովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրով Հայաստանը 15 եղջերու ձեռք կբերի Իրանից: Եղջերուները կվերաբնակեցնեն «Դիլիջան» աղգային պարկում:
Ծրագիրն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամը՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ:
«Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում շուտով նախատեսում ենք բուծել եղջերուների հինգ առանձնյակ: Փորձում ենք կովկասյան եղջերուն վերականգնել Հայաստանում: 90-ական թվականներին դրանք վերացել էին որսագողության և անտառահատության պատճառով»,-ասաց բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Հետագայում մեկ ու կես տարեկան եղջերուներին բաց կթողնեն մոտակա տարածք՝ մարդկանցից հեռու, որպեսզի նրանք հարմարվեն վայրի բնությանը: Նրանց վրա կտեղադրվեն ռադիովզկապներ՝ շարժը հսկելու համար: Մանվելյանը կարևորեց նաև համայնքների հետ տարվող աշխատանքը՝ կենդանիներին նորից չոչնչացնելու համար:
Անվտանգության պահպանման նպատակով մոտակա տարածքում կառուցվել է գրասենյակ, կտեղադրվեն նաև տեսախցիկներ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենդանիների անվտանգության գլխավոր պատասխանատուն «Դիլիջան» ազգային պարկն է:
«Ռադիոկապի առկայության դեպքում վերահսկողությունն ավելի հեշտ կլինի, տեսչական մարմինների համար տեսանելի կլինի ցանկացած ապօրինի միջամտություն: Չի բացառվում, որ մասնավոր նախաձեռնությունների շնորհիվ ազնվացեղ եղջերուի այլ տեսակներ ևս բերվեն Հայաստան»,-ասաց նախարարը:
ՀՀ բնապահպանության նախարարի նամակի շնորհիվ Իրանի Իսլամական հանրապետության համապատասխան նախարարությունը եղջերուները Հայաստանին կնվիրաբերի: Հայկական կողմից կլինի տեխնիկական աջակցություն: Նախատեսվում է եղջերուներին տեղափոխել նոյեմբերի սկզբին: Ծրագրի շրջանակում ցանկապատկել են բազմացման կենտրոնի 9,5 հա անտառային տարածք, կառուցվել է բազմացման կենտրոնի անձնակազմի տնակ, սկսվել է անձնակազմի հավաքագրման գործընթացը: