Քննարկվել են Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի մասնակցության հնարավորությունները
ՏնտեսությունՍիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ՍԱՀ Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Ահմադ Սամիր Խալիլի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների աշխուժացման հեռանկարները: Նախարար Խալիլը նշել է, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական արտադրության ապրանքներն իր շուկայում՝ ընդգծելով, որ ներկայումս առկա են բոլոր նախապայմանները հայ-սիրիական առևտրական համագործակցությունը վերսկսելու համար:
Իր հերթին դեսպանը նշել է, որ երկու պետությունների ավանդական պատմական առնչությունները և քսանհինգամյա դիվանագիտական հարաբերություններն ու առևտրատնտեսական գործակցության ավանդույթները մեծ ներուժ են հաղորդելու համագործակցության երբեմնի աշխուժությունը վերականգնելու համար:
Նախարար Խալիլը և դեսպան Փոլադյանն անդրադարձել են Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի մասնակցության հնարավորություններին գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել: