«Հայաստան և Իրան. հողի հիշողություն» ցուցահանդեսը դրական արձագանքների է արժանացել Իրանում
Մշակույթ«Հայաստան և Իրան. հողի հիշողություն» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համաժամանակյա (Ք. ա. IV հազարամյակից մինչև Ք.ա. I դար) նմուշներ: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին Իրանի ազգային թանգարանում: Այն կգործի մինչև 2018 թվականի հունվարի 17-ը: Ցուցադրված նմուշների և ցուցահանդեսից ստացված արձագանքների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի հետ:
«Ցուցադրել ենք նախաուրարտական, ուրարտական և ետուրարտական շրջանի 103 նմուշ: Պետք է ընդգծեմ, որ Թեհրանում բնակվող և՛ հայերի, և՛ իրանցիների արձագանքները շատ դրական էին: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր պատմության նկատմամբ»,-նշեց Գրիգորյանը:
Նա շեշտեց, որ Իրանի էլեկտրոնային և տպագիր մամուլը լայնորեն լուսաբանել է ցուցահանդեսը:
Գրիգոր Գրիգորյանի խոսքով` ինքը զրուցել է Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոուքյանդեի հետ` նրան հրավիրելով Հայաստան: «Երբ նա գա, կքննարկենք նաև Հայաստանում նման հարուստ ցուցահանդես կազմակերպելու հարցը: Կարծում եմ` հայ արվեստասերներն էլ պետք է Իրանի պատմամշակութային արժեքներին ծանոթանալու հնարավորություն ունենան»,- եզրափակեց Գրիգոր Գրիգորյանը: