Հայաստանի և Ղրղըզստանի վարչապետները քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հարցեր
ՏնտեսությունԻնչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հետագա հաջողություններ մաղթել։ Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար:
Վարչապետը նկատել է, որ թեև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն առկա է դրական դինամիկա և այն զարգացնելու ներուժ:
Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր հերթին փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նկատելով, որ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին։
Երկուստեք նշվել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում փոխգործակցությունը, այդ շրջանակում համաձայնեցված մեխանիզմների կիրառումը թույլ կտա ավելի հարստացնել հայ-ղրղըզական հարաբերությունները։
Զրուցակիցները կարևորել են նաև տնտեսական զարգացմանը միտված գործընթացներում ձեռք բերված փորձի փոխանակման անհրաժեշտությունը։